Հիբրիդային զարգացումները, հեղափոխությունները, պատերազմներն իսկապես դիտարժան «երևույթ» են: Հասցնո՞ւմ է Ռուսաստանը «հիբրիդի» ռեժիսորների «հետևից» համաքայլ ընթանալ:
Այնքանով` որքանով:
Ի դեպ, որքան էլ պարադոքսալ է, այս առումով Հայաստանն էլ բավականին հետաքրքիր է: Բանն այն է, որ «հիբրիդը» պահանջում է լավ հաշվող, խաղն ասիմետրիկ և սիմետրիկ կառուցող «ուղեղ»: «Դրանից» ունի նաև Վլադիմիր Պուտինը, ով երբեմն-երբեմն «հիբրիդը» ներխառնում է սովետական տարրերի հետ: Ասենք, Լավրովի սպիտակ «Պոբեդայով» երթը դեպ Ջոն Քերի, «ասելու» վերջինիս, որ իրենք և առաջին հերթին քիչ հետո իր հետ հանդիպել պատրաստվող Վլադիմիր Պուտինը խաղաղասիրաբար են տրամադրված, այնքան, որ Քերիին կարող են նվիրել կարմիր պոմիդոր և շատ մեծ կարտոֆիլ:
Հասկանալի է, Ռուսաստանը փորձում է արտաքուստ` խելամտորեն հետ-առաջ անել ՈՒկրաինայի և «մնացյալի» հարցում (առջևում Ռիգայի գագաթնաժողովն է), չմոռանալով միևնույն ժամանակ Լուկաշևիչի բերանով նույն Արևմուտքին զգուշացնել, որ Ռիգայում տեղի ունեցողը Ռուսաստանի դեմ է, և Ռուսաստանն այն անպատասխան չի թողնի:
Ասել է, եթե ցանկանում եք ուկրաինական «ֆրոնտում» Քերի-Պուտին, այն է` «նորմանդական ձևաչափի» պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, բարի եղեք Ռիգայում ձեզ խելոք պահել, շատ առաջ չգնալ, պարոնայք արևմուտքցիներ:
«Հիբրիդը», այնուհանդերձ, այսքանով չի ավարտվում: Սոչիի հանդիպումից երկու օր անց պետդեպն ասում է` չի կարող առայժմ խոսել Ռուսաստանի հետ նոր «ներբեռնումների» մասին: Ասել է` հանդիպման, ըստ ամենայնի, այդ մասին ևս խոսվել է: Նման սպասում, բոլոր դեպքերում, կար: Սակայն ԱՄՆ-ը չի գնա դրան:
ԱՄՆ-ից հետ չի մնում նաև Ռուսաստանը, որը բարձր պատրաստվածության է բերում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը, ինչն ամենաաննախադեպն էր մինչ այս եղած «հիբրիդի» մեջ, որովհետև մինչ այս այդպես «բարձր» դեռ չէր լսվել այդ ուժերի մասին: Իսկ մենք, ահա, անվերջ «սպասում» ունեինք, որ այդ ուժերը «մի գեղեցիկ օր» կփորձեն հանգրվանել Ղարաբաղի «մերձակայքում», որպես խաղաղապահներ: Մեկ հիշեցում` այդ ուժերը կարող են երկու դեպքում «խաղարկվել». երբ անդամ երկրին կոնկրետ ռազմական վտանգ է սպառնում և ապա` ներքին «սպառնալիք»-վտանգի` արտակարգ իրավիճակների դեպքում:
Երկու դետալ էլ ավելացնենք ՀԱՊԿ բարձր «պատրաստվածության» հիբրիդին` մեր մասով ու անցնենք առաջ: Ռիգայում սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում, ինչն ամենևին Ռուսաստանի սրտով չի կարող լինել, որովհետև հանդիպման կայացումը կնշանակի, որ Ռիգան նշանակալից է ոչ միայն ասոցացման հարևանության տեսանկյունից և Ռուսաստանի քթի տակից «քաշում-տանում» է ոչ միայն հետխորհրդային, անգամ ԵԱՏՄ անդամ երկրները` ասոցացվելով վերջիններիս հետ, այլև Ղարաբաղյան հարցը, որն այս տարածաշրջանի բանալին է:
Սա, անշուշտ, Ռուսաստանի համար ոչ միայն անթույլատրելի, այլև ՀԱՊԿ բարձր «պատրաստվածության» լուրջ առիթ է: Եթե, մանավանդ, դրան գումարում ենք նախորդ օրը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ապաթուրայի աննախադեպ հայտարարությունը, որ ՆԱՏՕ-ն հարմար «պլացդարմ» է ղարաբաղյան խնդրի` հակամարտող կողմերի «զրույցի» համար: Եվ դա` Վրաստանում այս օրերին անցկացվող ՆԱՏՕ-ական բավականին լուրջ զորավարժությունների ֆոնին, ինչը Ռուսաստանի համար կարող է նշանակել, որ ՆԱՏՕ-ն «մտնում» է տարածաշրջան:
Ի դեպ, «հիբրիդների» հմայքը նաև այն է, որ բազմակողմանի ու բազմաֆունկցիոնալ այդ զարգացումները երբեք կանխատեսելի չեն լինում: ՈՒ հենց այդ է պատճառը, որ գոնե Հայաստանի դեպքում հնարավոր է լինում խուսափել ֆորս-մաժորներից: Իսկ թե որքան այն կտևի, դժվար է ասել: Մանավանդ որ արդեն «մեսիջներ» են փոխանակում ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿ-ը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ